BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Քշում են «Բենթլի» կամ «Մերսեդես», քարոզում ռուսական արժեքներ

Քշում են «Բենթլի» կամ «Մերսեդես», քարոզում ռուսական արժեքներ
15.07.2013 | 16:33

ՀԱԿ անդամ, ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչու են ընդդիմադիր քաղաքական ուժերը պասիվ և գնահատականներ չեն հնչեցնում ՌԴ-ի քաղաքականության մասին (մոտ մեկ մլրդ ԱՄՆ դոլարի հարձակողական նշանակության զենքի վաճառքը Ադրբեջանին), որն անմիջական սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար:

«Ես կարծում եմ, որ դա մեր գործը չէ: Մենք անկախ պետություն ենք, հիմա մի օտար պետություն մեկ այլ օտար պետության հետ համագործակցում է և ինչ-որ գործարքների մեջ է մտնում: Կարծում եմ, որ դա ՌԴ-ի կողմից ոչ բարիդրացիական քայլ է Հայաստանի նկատմամբ: Ես կտրականապես դեմ եմ ՌԴ-ի այսօրվա իշխանությանը, որովհետև նրանք ուզում են կայսրությունը վերականգնել: Ես քանիցս ասել եմ, որ մեր իշխանությունը ոչ թե ՌԴ-ի, այլ ռուսական կրիմինալ աշխարհի կողմից է թելադրվում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի քայլերին, ապա թող իշխանությունները պատասխան տան, կուսակցություններն ի՞նչ կապ ունեն դրա հետ: Իշխանությունն ունի արտգործնախարարություն, ինչ-որ հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ, թող պատասխան տան»,- ասաց Շահեն Պետրոսյանը:
Շահեն Պետրոսյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ պետք է հենց նույն ՌԴ-ին ցույց տալ, որ Հայաստանում կան այլ ուժեր, որոնք այլ կերպ են մտածում, ստեղծել հակակշիռ:
«Իսկ Հայաստանում կա՞ մեկը, որն այլ կերպ է մտածում, նորմալ է համարում այդ քայլը: Ես համոզված եմ, որ մեր բնակչությունը դեմ է այդ քայլերին: Ինչ վերաբերում է ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, այո, կարծում եմ, որ ՌԴ-ն սպառնում է մեզ: Ես կարծում եմ, որ մեր բնակչության մի մասը ձգտում է դեպի եվրոպական արժեքներ, մյուս մասը` դեպի ռուսական կայսրական արժեքներ: Անձամբ ես կարծում եմ, որ մենք պետք է գտնվենք եվրոպական արժեհամակարգի մեջ, քանի որ այն ավելի կանխատեսելի է, քան ՌԴ-ի հետ հարաբերությունները: ՌԴ-ն իրականացնում է անկանխատեսելի քաղաքականություն, որն էլ սպառնալիք է իր կողմից: Եթե ոչ միայն մենք, այլև Ադրբեջանը ստորագրեր ԵՄ ասոցացման համաձայնագիրը, այդ ժամանակ մեր հարաբերությունները կնորմալանային. և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը կգտնվեին նույն անվտանգության գոտում: Իսկ ամենականխատեսելի անվտանգության գոտին Եվրոպական միությունն է: Եթե մենք կարողանանք մուտք գործել Եվրոպական միություն, այդ ժամանակ ոչ մի նշանակություն չի ունենա, թե Լեռնային Ղարաբաղը ումն է, անկա՞խ է, թե՞ անկախ չէ: Կարևորն այն կլինի, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ապրի անվտանգ և ապահով: Սա` է խնդիրը: Դրա համար էլ ես կողմնակից եմ, որ Ադրբեջանն էլ մասնակցի ԵՄ ասոցացմանը, որ նույն դաշտում գտնվենք: Եթե մենք գտնվենք հակառակ դաշտում, անընդհատ լինելու է սպառնալիք` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից և Ադրբեջանի նկատմամբ` Հայաստանի կողմից: Եվ որպեսզի այդ սպառնալիքները վերանան, պետք է գտնվենք նույն անվտանգության համակարգում»,- կարծում է ՀԱԿ անդամ Շահեն Պետրոսյանը:
Ըստ Շահեն Պետրոսյանի` մեր հասարակությանն անընդհատ վախեցնում են եվրոպական բարքերով:
«Այն քարոզչությունը, որն իրականացնում են, թե իբր Եվրոպայում արվամոլներին տրվում են իրավունքներ, այնպիսի տպավորություն է թողնում, որ կարծես Ռուսաստանում և Հայաստանում չեն եղել կամ չկան արվամոլներ: Այդ դեպքում ինչո՞ւ ենք անընդհատ մատնանշում Եվրոպան»,- հարցնում է մեր զրուցակիցը: Նա հիշեցնում է, որ եվրոպական բարքերի դեմ խոսողները քշում են եվրոպական արտադրության մեքենաներ` «Բենթլի» կամ «Մերսեդես», ոչ թե, օրինակ, ռուսական արտադրության տանկ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ